Մայիսի 15-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԸ իր ծննդյան 90-ամյակի կապակցությամբ հրավիրված էր ծննդավայր՝ Ստամբուլ, որտեղ Պոլսի պատրիարքարանի Վարդանաց դպրաց դաս երգչախմբի նախագահ Ծ. վրդ Թաթուլ Անուշավանը Սուրբ Վարդանանց եկեղեցում նրան պարգևատրեց Մաղաքիա պատրիարք Օրմանյանի անվան ոսկե շքանշանով: Ընթերցողին ենք ներկայացնում Մաեստրոյի զրույցը «Իրատեսի» հետ:
-Մաեստրո, վերջին անգամ ե՞րբ էիք եղել Ձեր ծննդավայր Ստամբուլում:
-Երեք տարի առաջ եմ եղել այնտեղ, շատ բան է փոխվել: Շիլչլի թաղամասում գտնվող հայրական տունը, որտեղ ծնվել եմ, անճանաչելի էր դարձել: Վերհիշեցի ապրածս տարիները, բայց, դե, էլ մերը չէ: Աշխարհը շատ է փոխվել, առաջվանը չէ: Ծննդավայրիս շատ էի կարոտել, հատկապես մանկությանս տարիներին շնչածս օդը, որն այստեղ չկա:
-Մի այսպիսի խոսք կա՝ «Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի, ավելի լավը թող անեն նրանք, ովքեր կարող են»: ՈՒնե՞ք արդյոք Ձեզ արժանի փոխարինող, ում կհաջողվի ղեկավարել Կապելլան այնպես, ինչպես Դուք:
-Մարդիկ կան, որոնց տեղը թափուր է մնում: Հիմա ես իմ մասին չեմ կարող խոսել, սակայն, մեծ հավանականությամբ, ինձ կհիշեն, ինչպես Վահրամ Փափազյանին, Գոհար Գասպարյանին, Նար Հովհաննիսյանին և այլ հայտնիների: Գիտե՞ք, ամեն դիրիժոր իր ակնոցով է տեսնում բեմն ու երգչախումբը, և ինձ փոխարինողը երբեք ինձ նման չի տեսնի, կլինի կամ ավելի լավը, կամ վատը, բայց ոչ ինձ նման: Ես ունեմ իմ ձեռագիրը, ավելին ասեմ, իմ ներկայությամբ խմբի հնչողությունը փոխվում է, դա դժվար է բացատրել: Գլուխ չեմ գովում, բայց այդպես է: Եթե ձեռքերս կապեն, դեռ կարող եմ խումբը ղեկավարել, սակայն երբ աչքերս փակեն, ես կհրաժարվեմ: Երբեմն ինքս էլ չեմ կարողանում բացատրել, թե ինչ անտեսանելի թելեր են ձգվում խմբավարից դեպի խումբը, չեմ կարող անգամ ինքս ինձ ճշտորեն պարզել՝ ինչպես կռահեցին իմ այս կամ այն պահանջը: Մի բան սակայն պարզ է. լիակատար փոխըմբռնումը գալիս է ոչ թե համերգի սկզբում, այլ հարյուր մարդուց արտազատվող էներգիայի հոսքը միևնույն կետում հանդիպելու շնորհիվ: Այդ պահին թվում է, թե բոլորի ձայներն անցնում են մի կոկորդի միջով:
-Դուք դիրիժորական ինքնատիպ տեխնիկայով և բուռն էներգիայով Ձեզ եք «ենթարկում» ոչ միայն երգչախումբը, այլև հանդիսատեսին: Որտեղի՞ց եք ստանում այդ էներգիան:
-Դա անբացատրելի բան է, մեր երգիչների վկայությամբ` ես բեմում ուրիշ մարդ եմ: Անտեսանելի բաներ կան, այն, ինչ բեմում անում եմ, կյանքում չեմ անում, չեմ էլ ուզում անել, որովհետև բեմն այնքան դժվար ու ծանր բան է, որ եթե այդպես շարունակվի, մարդը երկար չի դիմանա: Կարծես ողջ ժողովուրդն իմ ուսերին է նստած, դա մեծ պատասխանատվություն է: Ես աշխատում եմ ինքս ինձ սրբագրել, այսինքն՝ լինել ոչ միայն բեմի մարդ: Ես երկու կյանք ունեմ: Կյանքում ընդհանրապես սիրում եմ հնազանդվել, հարգել օրենքները: Մինչդեռ բեմում մարդկանց պետք է ստիպեմ, որ հնազանդվեն, տարբերությունը շատ մեծ է: Գիտեմ, որ շատ են չարախոսել իմ մասին, բեմի մարդ եմ, բամբասանքն անպակաս է, բայց մի բան, որ չկարողացան ասել, դա այն էր, որ երբեք որևէ մեկի հանդեպ չար չեմ եղել: ՈՒ միշտ գերադասել եմ լինել նախ մարդ, հետո նոր՝ արվեստագետ:
-Այսօր ինչպե՞ս եք գնահատում մեր մշակույթի բնագավառը: Մշակույթի նոր նախարարին ի՞նչ խորհուրդ կտաք, բարեփոխումը որտեղի՞ց սկսի:
-Մեր մշակույթը շատ է կաղում, այն բուժման կարիք ունի: Նոր նախարարը անդրադառնում է բոլոր բնագավառներին, նրա հետ մեծ հույսեր եմ կապում, տեսնենք՝ ի՞նչ և ինչպե՞ս կանի: Մշակույթը մեծ դեր ունի ժողովրդի կյանքում, մարդկությանը կրթողը մշակույթն է: Ես կուզեի, որ մեր ժողովուրդը լիներ քաղաքակիրթ, ինչպես մերձբալթյան երկրների ժողովուրդներն են: Նրանք փոքր հասակից երգում են, դա ոչ ոք նրանց չի պարտադրում, նրանց կենցաղն ու ապրելակերպն այդպիսին են, նրանցում երգի փառատոներն ընդունված ու սիրված են: Երգն ու երաժշտությունը փոխում են մարդկանց վարքագիծը: Կուզեի, որ մեր ժողովրդի մոտ էլ այդպես լիներ: Բայց երբ կլինի, չգիտեմ: Ես եղել եմ երգի տոների ժամանակ, անգամ ինձ բախտ է վիճակվել մեծ երգչախմբեր ղեկավարելու, նման փառատոներին մասնակցում էին տարբեր հանրապետությունների երգիչ-երաժիշտներ, հրապարակները լեփ-լեցուն էին, մարդիկ զբոսնում էին, լսում երաժշտություն: Մի անգամ հրապարակում իմ կողքով քայլում էր հեղինակավոր բուհերից մեկի ռեկտորը, ակամայից մտածեցի՝ մեր համալսարանի ռեկտորը մի դիրիժորի հետ այսպես կքայլե՞ր մարդկանց մեջ: Ես շատ կուզեի, որ մեր ժողովրդի կենցաղավարության մեջ մտնեին այս հավասարությունն ու ապրելակերպը, բայց ե՞րբ կլինի, չգիտեմ:
-Առաջիկայում հյուրախաղերի կմեկնե՞ք:
-ՈՒզում ենք Կիպրոս գնալ, սակայն կհաջողվի՞, թե՞ չէ, չեմ կարող ասել:
-Իսկ ի՞նչ խոչընդոտներ կարող են լինել:
-Այլ երկրներում ամենադժվարը կազմակերպական աշխատանքներն են, հատկապես մեծ երգչախմբերի համերգների դեպքում: Երբ բեմ եմ բարձրանում, ես գիտեմ, որ իմ գործն այնտեղ է, ու գիտեմ, թե ինչ պետք է անեմ, սակայն մինչ բեմ բարձրանալն այնքան էներգիա է հարկավոր, որ չեք էլ պատկերացնի. դա մի հսկայական աշխատանք է, այդ բոլորը ես եմ կազմակերպում, ես որ չանեմ, ուրիշ ո՞վ է անելու:
-Մաեստրո, Ձեզ առողջություն եմ ցանկանում, ու թող եռանդը երբեք չլքի Ձեզ:
-Իմ տարիքը զառամյալ ծերունու տարիք է, այսօր իմ ունկին միայն առողջության մաղթանքներն են հաճելի:
Զրույցը՝
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ